«Charlie Hebdo»-ն և «քաղաքակրթությունների բախումը»
THE NEW YORKER
Օրեր անց «Charlie Hebdo» ամսագրի խմբագրությունում կատարվածը շարունակում է ապշեցնել և հուզմունք առաջացնել: Մի կողմից այն ստիպեց շատերին համախմբվել զոհերի հետ: «Je Suis Charlie» («Ես եմ Չառլին») արտահայտությունը, որն ինչ որ մեկը գրել էր հանրապետության հրապարակի արձաններից մեկի վրա, ինքնաբուխ հավաքի ժամանակ, վերածվեց բոլորին հասկանալի իսկական կոչի ի պաշտպանություն խոսքի ազատության, նույնիսկ եթե այն իրավունք է տալիս ծաղրել որևէ մեկի սրբությունները:
Ավելի մռայլ տեսանկյունից դիտելիս կարող ենք նշել, որ կատարվածը վերածնեց որոշ հին վեճեր և նախապաշարմունքներ, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Ահաբեկչությունից հետո Թվիթերում հայտնի դարձավ #սպանելբոլորմուսուլմաններին (#KillAllMuslims) հղումը (հարկ է նշել, որ շատերը տեղադրում էին այդ հղումը, որպեսզի այն վիճարկեն): Միաժամանակ մեծ թվով լուրջ մեկնաբաններ և վերլուծաբաններ առաջ քաշեցին հին և կասկածելի թեմաներ, հորինված կամ իրական, կապված իսլամի և բռնության ակտերի հետ, որոնք իրականացվում են Շերիֆ եղբայրների և Սաիդ Քուաշի նման մոլագարների կողմից, որոնք էլ Ֆրանսիայի ղեկավարության կողմից կասկածվում են ահաբեկչության կազմակերպման մեջ:
Որոշ մարդիկ հիշատակում են Սեմյուել Հանթինգտոնի խոսքերն այն մասին, թե «իսլամական աշխարհի սահմանները հեղեղված են արյունով»: 2006 թվականին բեսթսելեր դարձած «Աստվածը որպես պատրանք» գրքի հեղինակ, անգլիացի էթոլոգ և աթեիստ Ռիչարդ Դոկինսն իր թվիթերյան էջում նշել է. «Նրանք գոռում էին «Մենք վերժխնդիր ենք եղել Մուհամեդ մարգարեի համար»… Պետքական ապուշներն, իհարկե, կասեն, որ այստեղ կրոնը ոչ մի կապ չունի»: Ավելի ուշ նա ավելացրեց. «Ոչ բոլոր կրոնները հակում ունեն բռնության. որոշները երբեք այն չեն սիրել, որոշներն էլ դարեր առաջ հրաժարվել են դրանից: Բայց մի կրոն դրանից ակնհայտորեն չի հրաժարվել»: Հինգշաբթի օրը սոմալիական ծագումով գրող և ակտիվիստ Այան Հիրսի Ալին (Ayaan Hirsi Ali) Wall Street Journal-ի իր հոդվածում հայտարարել է. «Հնարավոր է, որ այս հրեշավոր սպանդից հետո… Արևմուտքը վերջապես կդադարի հերքել բռնության և ռադիկալ իսլամիստների միջև կապը»:
Ինչ-որ իմաստով Դոկինսը և Ալին փաստում են ակնհայտը: Անշուշտ ջիհադականները, այդ թվում նաև փարիզյան ահաբեկչության մասնակիցները, առաջնորդվում են իսլամի արմատական տարբերակով, դա է ենթադրում հենց «ջիհադական» տերմինը: Իհարկե, ինչպես նշել էր Ալին իր հոդվածում, կասկած չի հարուցում նաև այն, որ հավատքի համար պայքարող ինքնահռչակ մարտիկներն իրենց արյունալի «քաջագործությունները» կարող են արդարացնել՝ հիմնվելով իսլամական աստվածաբանների մի շարք լուրջ, սակայն ոչ միանշանակ, կարծիքների վրա: Պատմության մեջ այնպիսի արմատական շարժումներում, ինչպիսիք են սալաֆիզմը և վախաբիզմը, քիչ չեն եղել յուրահատուկ գործող անձինք, որոնց գաղափարների վրա են հիմնվում ռադիկալ քարոզիչները մզկիթներում և ինտերնետում: Եթե մեզ հարց տանք, ինչպես դա արեցին շատերը երեկ, ինչու են ահաբեկիչների մեջ այդքան շատ մահմեդականներ, ստիպված կլինենք խոստովանել. Բանն այն է, որ շատ մահմեդականներ հետևում են հենց իսլամական այն ուսմանը, որն արդարացնում և նույնիսկ փառաբանում է բռնությունը:
Անխոս մենք պետք է հետևենք Ալիի խորհրդին և ընդունենք փաստը: Սակայն, ինչպես հինգշաբթի օրը նշել է Նիկոլաս Քրիստոֆը (Nicholas Kristof), New York Times –ի իր հոդվածում, անել հաջորդ քայլը և պնդել, որ իսլամում գոյություն ունի ինչ-որ երևույթ, որն անխուսափելիորեն դրդում է հավատացյալներին բռնության, ահաբեկչության և կանանց ճնշումներին, սխալ և վտանգավոր կլինի: Ահաբեկչությունից մի քանի ժամ հետո Ֆրանսիայի մահմեդականների խորհուրդը հայտարարեց. «Այս ահավոր և բարբարոսական միջոցառումը հարված էր դեմոկրատիային և խոսքի ազատությանը»: Բրիտանիայի մահմեդականների խորհուրդը նշեց. «Ովքեր էլ որ լինեն հարձակվողները, ինչով էլ որ առաջնորդվեն, ոչինչ չի կարող արդարացնել սպանությունը»: Արաբական պետությունների լիգան դատապարտել է սպանդը, իսկ Կահիրեի Ալ-Ազխար համալսարանը, որը ամենահեղինակավոր սունիթական հոգևոր ակադեմիան է, որակել է լրագրողների սպանությունը որպես «հանցավոր գործողություն»՝ ավելացնելով, որ «Իսլամը դատապարտում է ցանկացած տեսակի բռնությունը»:
Օքսֆորդից պրոֆեսոր-իսլամաբան Թարիկ Ռամադանը (Tariq Ramadan), որը հերքում է Ղուրանի արմատական մեկնաբանությունները, և ում մասին Foreign Affairs –ը գրում է, թե նա «ձգտում է, որ մահմեդականներն արևմուտքում իրենց համարեն ոչ թե գազազած փոքրամասնություն, այլ արևմտյան հասարակության լիիրավ անդամ՝ իրենց իրավունքներով և պարտականություններով», նույնպես շատ կոշտ է արտահայտվել: Չորեքշաբթի օրը Ռամադանը Ֆեյսբուքում գրել է. «Charlie Hebdo: Ո՛Չ Ո՛Չ Ո՛Չ: Ինչ էլ ասեն Charlie Hebdo խմբագրության վրա հարձակված մարդասպանները, նրանք վրեժխնդիր չեն եղել մարգարեի համար, նրանք դավաճանել և պղծել են մեր կրոնը, մեր արժեքները և իսլամի սկզբունքները: Ամբողջությամբ դատապարտում եմ և խորապես վրդովված եմ կատարվածից: Ես զգում եմ առողջ և հազար անգամ արդարացված կատաղություն»:
Այսպիսի պահերին առաջ է գալիս աշխարհին մանիխեյան հայացքով նայելու միտումը, որը ենթադրում է, որ մենք ներքաշված ենք հանթինգտոնյան «քաղաքակրթության բախման» մեջ, որտեղ մեր դեմ հանդես են գալիս մահմեդականները որպես մեկ ամբողջականություն: Սակայն այդպիսի սև ու սպիտակ պատկերը բեկում է իրականությունը: Թեպետ Իսլամն իրականում, ինչպես նշում են նրա քննադատները, հիմնականում բարեփոխման և լուսավորության փուլերով չի անցել, սակայն դա նրան կարծրացած չի դարձնում: Շատ հասարակ մահմեդականներ ջիհադիստների կողքին կանգնելու փոխարեն վերցնում են զենքը և պայքարում նրանց դեմ՝ հաճախ զրկվելով սեփական կյանքից: Իրաքում իսլամիստական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող իրանական, իրաքյան և քրդական զինվորների մեծ մասը մահմեդականներ են: Աֆղանստանում և Պակիստանում ջիհադիստների դեմ պայքարող կառավարական ուժերի մեծ մասը նույնպես մահմեդականներ են:
Ավելին, ջիհադական գազանությունների զոհերի մեծ մասը նույնպես մահմեդականներ են: Անցած ամիս Իրաքում ջիհադականները սպանել են 1200 մարդ, որոնցից մոտ 700-ը խաղաղ բնակիչներ էին: Վստահաբար կարելի է ենթադրել որ մահացածներից գրեթե բոլորը իսլամական կրոնի հետևորդներ էին: Թալիբների պեշավարյան դպրոցի դեկտեմբերյան հրեշավոր ահաբեկչության 141 զոհերը նույնպես մահմեդականներ էին: Նույնը վերաբերում է նաև երեքշաբթի օրը Յեմենի մայրաքաղաք Սանում տեղի ունեցած պայթյունին, որը շատերը չնկատեցին, բայց ինչի հետևանքով մահացավ 30 մարդ: Պետք չէ մոռանալ նաև, որ խմբագրության շենքի մոտ զոհված ոստիկաններից Ահմեդ Մերաբեն նույնպես մուսուլման էր, իսկ շենքի ներսում զոհված խմբագիր Մուստաֆա Ուրադը ծագումով Ալժիրցի էր:
Շատ դեպքերում ջիհադի վերելքը ոչ միայն առերեսում է արևմուտքի և արևելքի միջև, այլ նաև քաղաքացիական պատերազմ է մահմեդականների միջև: Տարաձայնությունները սփռվում են ոչ միայն կրոնի և հասարակության միջև, այլ նաև նրանց միջոցով: Փարիզյան մղձավանջի ֆոնին նման բաների մասին հիշելը դժվար է, սակայն պարտադիր: Ահաբեկչությունից անմիջապես հետո ԱՄՆ պետդեպարտամենտում ունեցած ելույթի ժամանակ Ջոն Քերին ընտրեց ճիշտ տոնայնություն. «Այսօրվա սպանությունը ոչ թե քաղաքակրթությունների միջև լայն պայքարի մաս է, այլ քաղաքակրթության և քաղաքակիրթ աշխարհի դեմ պայքարողների միջև հակամարտություն»,- նշեց նա: «Մարդասպանները համարձակվեցին հայտարարել, որ Charlie Hebdo-ն մահացած է: Բայց չտարակուսեք՝ նրանք սխալվել են»:
No comments:
Post a Comment