Breaking News

Monday, January 19, 2015

Նոր համակարգիչը յուրացրել է Պոկերի բլեֆը



Կանադական գիտնականների կողմից մշակված ալգորիթմը դեռ չի կարողանում բացարձակ երաշխավորել հաղթանակը մարդու նկատմամբ յուրաքանչյուր խաղում, քանի որ խաղաթղթերի հերթականությունը պատահական է, սակայն երկարատև խաղի ժամանակ համակարգիչը, միևնույն է, առավելության կհասնի:
Ավելին, նա հաջողությամբ յուրացրել է բլեֆը, սակայն միշտ համարվել է, որ այդպիսի հնարքների ընդունակ է ...միայն մարդը: Մի խոսքով, մասնագետների կարծիքով գիտնականների նորարարությունը բեկումնային է: Կարևորն այն է, որ այս ալգորիթմը կարելի է կիրառել ցանկացած խնդրում, որտեղ տեղեկությունը թերի է, մասնավորապես բժշկության մեջ, հիվանդության ախտորոշման ժամանակ:
Պոկերը համակարգչի համար համարվում է ավելի դժվար խաղ, քան շաշկին և շախմատը: Այդ երկու խաղում ֆիգուրների դասավորվածությունը տեսանելի է, և խաղացողը կարող է մշակել խաղի մարտավարությունը մի քանի քայլ առաջ, իսկ հաշվարկի արագությամբ արհեստական մեքենաները գերազանցում են մարդկանց մի քանի միլիարդ անգամ: Զարմանալի չէ, որ համակարգիչն արդեն վստահորեն հաղթում է շաշկիի և շախմատի աշխարհի չեմպիոններին: Պոկերի դեպքում խնդիրը էապես բարդանում է, քանի որ խաղացողները միմյանց խաղաքարտերը չեն տեսնում, և համակարգիչը ստիպված է ընտրել մարտավարությունը, հիմնվելով թերի տվյալների վրա: Այս խաղում հաղթելու եղանակները բազմաթիվ են:
Ծրագրավորողներն արդեն վաղուց փորձում են հաղթել մարդկանց պոկերում, սակայն մինչ այժմ էական հաջողության չեն հասել: Եվ այսպես, նոր համակարգչային չեմպիոնը ստեղծված է: Հեղինակները նշում են, որ նա ինքնուս է: Նրան ուղղակի ծանոթացրել են խաղի կանոններին, և նա մարզվել է ինքնուրույն: Երկու ամիսների ընթացքում համակարգիչն ինքն իր հետ խաղացել է քսանչորս տրիլիոն խաղ և այժմ գիտի հաղթելու մարտավարությունը խաղաքարտերի ցանկացած տիպի դասավորվածության և հակառակորդի բոլոր պահելաձևերի դեպքում: Առայժմ համակարգիչը մասնագիտացված է ընդամենը մեկ տեսակի խաղի վրա, այն է` Տեխասյան Հոլդեմ, երկու պարտնյորներով և ֆիքսված խաղադրույքներով:




No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates