Breaking News

Tuesday, January 20, 2015

Կանոնավոր քունը առանցքային նշանակություն ունի երեխայի ուսուցման համար


BBC

Գիտնականները պնդում են, որ վաղ տարիքում երեխայի ուսուցման և հիշողության համար առանցքային նշանակություն ունի երկար քունը: 
Մինչև 12 ամսական 216 երեխաների շրջանում անցկացված գիտափորձն ապացուցում է, որ նրանք ի վիճակի չեն եղել հիշել նոր առաջադրանքները, եթե անմիջապես դրանից հետո չեն քնել երկար ժամանակով: 
Շեֆիլդի համալսարանի գիտական խումբը սովորելու համար ամենալավ ժամանակը համարում է քնելուց անմիջապես առաջ ընկած ժամանակահատվածը և խիստ կարևորում է քնելուց առաջ կարդալու պրակտիկան: 
Փորձագետները գտնում են, որ քունը վաղ տարիքում կարող է շատ ավելի էական նշանակություն ունենալ, քան ավելի ուշ տարիքում: Մանուկ հասակում մարդիկ ավելի երկար ժամանակ են ծախսում քնելու վրա, քան այլ տարիքում: 
Միևնույն ժամանակ Շեֆիլդի և Բոխումի Ռուհրի համալսարանի հետազոտողները նշում են, որ զարմանալիորեն քիչ բան է հայտնի քնի դերի մասին կյանքի առաջին տարվա ընթացքում: 
Սովորել, քնել, կրկնել
Նրանք վեցից տասներկու ամսական երեխաներին երեք նոր բան էին սովորեցնում տիկնիկներով խաղալու հետ կապված: Երեխաների կեսը քնում էին սովորելուց հետո չորս ժամվա ընթացքում, իսկ մնացած կեսը կամ ընդհանրապես չէին քնում, կամ քնում էին կես ժամից քիչ: 
Հաջորդ օրը երեխաներին առաջարկվում էր կրկնել նախորդ օրվա ընթացքում սովորածը: 
Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում տպագրված (Proceedings of the National Academy of Sciences) արդյունքները ցույց են տալիս, որ «մանկան նման» քնելը կենսական նշանակություն ունի սովորելու գործում: 
Ամուր քուն մտած մանուկները միջինում կարողանում էին կրկնել մեկուկես առաջադրանք այն դեպքում, երբ ընդհանրապես չքնած կամ քիչ քնած երեխաները ոչ մի առաջադրանք չէին կարողանում կրկնել: 
Շեֆիլդի համալսարանի հոգեբանության ամբիոնից դոկտոր Ջեյն Հերբերտը BBC-ի նորությունների կայքին հայտնում է. «Նրանք, ովքեր քնում են ուսուցումից հետո, լավ են յուրացնում նյութը, իսկ նրանք, ովքեր չեն քնում, ընդհանրապես չեն սովորում»: 
Նա նշում է նաև, որ նախկինում ընդունված էր կարծել, որ երկար արթուն վիճակը սովորելու համար ամենահարմար ժամանակահատվածն է, սակայն, այնուամենայնիվ, ամենակարևոր ժամանակահատվածը քնից առաջ ընկած ժամանակահատվածն է: 
Արդյունքները նաև ապացուցում են, թե ինչքան կարևոր է երեխաների համար քնելուց առաջ գրքեր կարդալու սովորությունը: Դոկտոր Հերբերտը ավելացնում է. «Ծնողները բազմաթիվ խորհուրդներ են ստանում. ոմանք կարևորում են քունը ֆիքսված ժամանակահատվածում, մյուսներն` ազատ գրաֆիկը: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ որոշակի ճկունությունն այս հարցում ավելորդ չէր լինի, բայց դրանք չեն ասում ծնողներին, թե ինչպես վարվել»: 
Քաղցր երազներ



Անցյալ տարվա հետազոտությունը բացահայտել է հիշողության գործառնության մեխանիզմը քնի ընթացքում` ցույց տալով ուղեղի բջիջների միջև նոր կապերի կազմավորումը: 
Սուրեյի համալսարանի քնի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Պրոֆեսոր Դիրկ Վան Դեյկը ասում է. «Հնարավոր է, որ որոշ տարիքում քունը համեմատաբար ավելի կարևոր նշանակություն ունենա, բայց դա դեռևս հստակ հիմնավորման կարիք ունի: Բացի այդ, երեխաների քնին պետք է բավարար ժամանակ հատկացվի ուսուցումը խթանելու համար, սակայն միայն քնից առաջ կրթության վրա կենտրոնանալը լավագույն տարբերակը չէ»: 
Ըստ հետազոտության արդյունքների` դրական ազդեցություն ունի վարժություններից հետո քնելը, այլ ոչ թե վարժության ընթացքում քնկոտ լինելը 
Աճող հետաքրքրություն կա նաև հակառակ տարիքային խմբում հիշողության և քնի առնչության թեմայով: Ուշ տարիքում այս երկու հասկացությունները կողք կողքի են քայլում: Մասնավորապես խոսքը գնում է նեյրոդեգեներատիվ խանգարումների մասին, ինչպիսին է դեմանտիան: Հույս կա, որ այս տարիքում քնի խթանումը կնվազեցնի հիշողության կորուստը:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates