Մարդկությանը միշտ հետաքրքրել են անբացատրելի երևույթները: Գիտնականներն ասում են, որ դա գրավում է մարդկանց,քանի որ դա նրանց երևակայելու առիթ է տալիս: Ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի այդպիսի դեպքեր:
Անհետացող լիճ
Չիլիի տարածքում՝ Պաթագոնիայում, 2007 թվականի մայիսին տեղի ունեցավ անհավանական մի բան՝ անհետացավ մի լիճ: Լճի տարածքում միայն մնացին չոր փոս՝ 30 մ խորությամբ և սառցեպատ լեռներ: Հարկ է նշել, որ լիճը փոքր չէր. դրա երկարությունը 5 մղոն էր: Ամենահետաքրքիրն այն է, որ լճի անհետանալուց առաջ՝ մարտ ամսին, երկրաբանները 2 ամիս շարունակ այստեղ հետազոտություն են անցկացրել: Ոչ մի տարօրինակ բան չի գտնվել: Այդ կարճ ժամանակում ոչ միայն ամբողջ լիճն է անհետացել, այլ նաև դրանից հոսող գետը վերածվել փոքր առվակի: Երկրաբաններն ապշած են. նրանց հետաքրքրում է, թե ինչը կարող է անհետացման պատճառ դառնալ: Տարբեր տեսություններ են առաջ քաշվել այդ հարցի շուրջ: Այդ տեսություններից մեկը պնդում է, որ լիճն անհետացել է երկրաշարժի արդյունքում: Սակայն այդ տարածքում ոչ մի ցնցում չի արձանագրվել: Մինչ այսօր այդ հարցին գիտական պատասխան չի տրվել:
Սառցե աղջիկը
Մինեսոտայի 19-ամյա բնակչուհի Ջին Հիլիարդին վաղ առավոտյան գտել են ձյան մեջ: Նրան գտել է հարևանը: Աղջկա մարմինն ամբողջությամբ սառչել էր: Տուժածին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց: Այն ինչ տեսան բժիշկներն, ուղղակի դուրս է մարդկային պատկերացումից. աղջկա մարմինն ասես սառույցից լիներ: Նրանք նույնիսկ չգիտեին՝ արդյո՞ք հնարավոր է այդ աստիճանի ցրտահարություն: Չնայած բժիշկների մեծ ջանքերին՝ իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Եթե նույնիսկ աղջկա գիտակցությունը վերականգնվեր, ապա ուղեղը շատ վնասված էր լինելու: Ոտքերի մասին էլ խոսք չկար. անդամահատումը պետք է, որ անխուսափելի լիներ: Սակայն 2 ժամ անց աղջկա մոտ ցնցումներ սկսվեցին, և նա ուշքի եկավ: Ամենաուշագրավն այն է, որ նա ոչինչից չէր բողոքում. նա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես իրեն շատ լավ էր զգում: Պատկերացրեք բժիշկների զարմանքը, երբ աղջկա վերջույթների սառույցն աստիճանաբար սկսեց հալչել: Աղջիկը 49 օր անցկացրեց հիվանդանոցում, իսկ հետո անվնաս վերադարձավ տուն:
Բելմեսի դիմապատկերները
20 տարիների ընթացքում Պերեիրաների տանը այս դիմապատկերներն արդեն դարձել են մշտական երևույթ: Բանն այն է, որ դրանք և՛ կանաց դեմքեր են, և՛ տղամարդկանց: Հետաքրքիր է, որ այդ դեմքերի արտահայտությունները միանգամայն տարբեր են: Մասնագետներին տարիներ շարունակ հետաքրքրում է այդ հարցը: Նրանց մի հարց է տանջում. ի՞նչն է այդ դիմապատկերների առաջացման պատճառ դառնում: Որոշ ժամանակ անց մասնագետները տան տակ գտան մարդկային մնացորդներ: Սակայն դիմապատկերները շարունակում էին հայտնվել: Այդպես էլ գիտնականներին չհաջողվեց այդ դիմապատկերների առաջացման պատճառը գտնել:
Դոնդողանման անձրև
Վաշինգտոնի Օկվիլ քաղաքում 1994 թվականի օգոստոսի 7-ին բնակիչները ականատես եղան մի իսկական մղձավանջի: Երկնքից ոչ թե սովորական անձրև էր թափվում, այլ՝ դոնդողանման նյութ: Այդ տարօրինակ երևույթից հետո գրեթե բոլոր բնակիչները հիվանդացան, ախտանշանները շատ նման էին գրիպի, և այդ հիվանդությունը բավականին երկար ժամանակ տևեց. 7 շաբաթից մինչև 3 ամիս : Բնակիչներից մեկը դոնդողանման այդ նյութից մի կտոր տարավ լաբորատորիա՝ հետազոտության համար: Հետազոտողներն ուղղակի շոկի մեջ էին. այդ «կաթիլի» բաղադրության մեջ էին մտնում մարդու արյան սպիտակ բջիջներ: Մեկ այլ լաբորատորիայում պնդում էին, որ այդ նյութի բաղադրության մեջ են մտնում նաև 2 տեսակի բակտերիաներ: Անհավանականն այն է, որ այդ բակտերիաներից մեկը մտնում է նաև մարդու մարսողական համակարգի բակտերիաների թվի մեջ: Մինչ այսօր շատ հարցեր դեռ պատասխան չունեն:
http://mediamonitor.am/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1/
No comments:
Post a Comment