Breaking News

Tuesday, January 20, 2015

Երկա՞ր եք աշխատում: Դուք հակված եք չարաշահելու ալկոհոլը

washingtonpost.com

Վերջին ամիսներին հրապարակված գիտական հետազոտությունները մեզ հիշեցնում էին, որ աշխատավայրում վատ ղեկավարները կարող են նպաստել աշխատակիցների առողջության վատթարացմանը: Բանն այն է, որ երկարատև նստակյաց աշխատանքը վնասակար է առողջությանը, և քնելու ժամերի փոխարեն ավելի շատ աշխատելն ուղղակիորեն սպանում է մեզ:
Այժմ մեկ այլ հետազոտություն, որը տպագրվել է այս շաբաթվա սկզբին «Առողջության բրիտանական ամսագրում», ապացուցում է, որ երկարատև աշխատանքային ժամերը կարող են հանգեցնել նաև ոգելից խմիչքների չարաշահման:

Հետազոտությունը (այլ հրապարակված հետազոտությունների արդյունքների համեմատական վերլուծություն), որն իրականացվել է շուրջ 400 000 մարդու ներգրավմամբ, վկայում է, որ այն աշխատողները, ում զբաղվածությունը գերազանցում է շաբաթական միջինում 40 ժամ ծանրաբեռնվածությունը, ավելի հակված են չարաշահելու ալկոհոլային խմիչքները: Կանանց համար «չարաշահել» նշանակում է շաբաթական օգտագործել ավելի քան 200 միլիգրամ ալկոհոլ, իսկ տղամարդկանց համար՝ ավելի քան 300 միլիգրամ:

Հետազոտությունը վերլուծել է երկու խումբ ուսումնասիրություններ: Առաջին խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական ավելի քան 40 ժամ ծանրաբեռնվածություն ունեցող աշխատողներն ավելի հակված են օգտագործել ոգելից խմիչքներ, քան նրանք, ովքեր ավելի քիչ են աշխատում: Ուսումնասիրությունների մյուս խմբի արդյունքների համաձայն՝ շաբաթական 49- 54 աշխատանքային ժամ ծանրաբեռնվածությամբ մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կարող են հայտնվել «չարաշահողների» ռիսկային գոտում: Այդուհանդերձ, հետազոտությունն ընդունում է, որ բացարձակ իմաստով (ալկոհոլիզմ) նման վարքագծի առաջացման հավանականությունը համեմատաբար ցածր է:

Հետազոտողներն ուղղակիորեն չեն բացատրում երկարատև աշխատանքային ժամերի և հարբելու միջև կապը: Փոխարենը նրանք ենթադրում են, որ ալկոհոլն օգտագործվում է բարձր ծանրաբեռնվածություն ունեցող աշխատողի լարվածությունը նվազեցնելու համար: Ենթադրվում է նաև, որ գոյություն ունի կապ ծանրաբեռնված աշխատանքի, ալկոհոլի օգտագործման և ընկճախտի կամ քնի խանգարում ունեցող անձանց միջև:
Իհարկե, հետազոտության արդյունքներից և որևէ մեկը բացարձակ նորություն չէ: Սակայն, ընդհանուր առմամբ, սա «մռայլ» գնահատական է այն բանի, թե ինչ ազդեցություն ունի աշխատանքը մեր առողջության վրա:

Իսկ հետազոտության անսպասելի արդյունքն այն է, որ աշխարհագրական շրջանների և սոցիալ-տնտեսական խմբերի միջև տարբերություններ չկան: Այլ կերպ ասած, ինչպես «Թայմ» ամսագիրն է նշում, և՛ տնօրենը, ով իր օրն ավարտում է մի քանի բաժակ թանկարժեք վիսկիով, և՛ նվազագույն աշխատավարձ ստացող անձը, ով աշխատանքից հետո նախընտրում է գարեջուր ըմպել, հավասարապես հակված են չարաշահել ոգելից խմիչքի օգտագործումը:

Հետազոտության արդյունքներին ծանոթանալով՝ որոշ կազմակերպություններ, հավանաբար, կորոշեն ոգելից խմիչքների չարաշահման դեմ սեմինարներ կազմակերպել իրենց աշխատողների համար կամ կնախընտրեն կազմակերպել «ոչ ալկոհոլային» խնջույքներ և, միգուցե, նվազեցնեն «ուրախ օրերի» հաճախականությունը: Սակայն ամենակարևորը, ինչ նրանք կարող էին անել, այն է՝ նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հազիվ թե անեն:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates